Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Վիհ է առաջացել Շիրակի թեմի և հավատացյալ ժողովրդի միջև

Վիհ է առաջացել Շիրակի թեմի և հավատացյալ ժողովրդի միջև
28.11.2008 | 00:00

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ, Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ
Վեհափառ Տեր, գուցե տարօրինակ և զարմանալի թվա, որ Հայաստանի ամենաեկեղեցապաշտ և եկեղեցաշեն քաղաքի բնակիչներից մեկն է Ձեզ դիմում մի նամակով, որի բովանդակությունը, կարծում եմ, այնքան էլ հաճելի չի լինի մեր եկեղեցու և հոգևոր իրականության ներկայացուցիչների համար, սակայն իմ մտահոգությունն է փրկել Շիրակի թեմը վերջնական աղավաղումից ու պառակտումից, բարոյական և հոգեբանական անկումներից, որոնք արդեն իրական են դարձել թեմական առաջնորդի վարքագծի, նրա սերմանած անհաշտության և անհանդուրժողականության պատճառով: Շատերին է հայտնի, որ մարտնչող բոլշևիզմի տարիներին, անգամ ստալինյան բռնություններով ներծծված 1937-ին, երբ փակվեցին ու խոնարհվեցին բազմաթիվ եկեղեցիներ, Աստծո խոսքն օտարվեց ժողովրդից, սակայն Լենինական-Գյումրին, հավատարիմ իր բնությանն ու հավատքի հանդեպ ունեցած երկյուղալի նվիրումին, պահպանեց Յոթվերքն ու Ամենափրկիչը, փոքր-ինչ վախվորած, անգամ գողունի` փրկեց ավերումից տաճարներն ու մատուռները: Սակայն այսօր, թեև առավել քան կանգուն են հին եկեղեցիներն ու հառնում են նորերը, մեծ վտանգ է կախված դրանց գոյության ճանապարհին, որովհետև օրըստօրե Գյումրուց ու Շիրակի թեմից հեռանում է քրիստոնեական առաքինությունը, քարոզներին ու հանդուրժողության պատգամներին փոխարինելու են գալիս քաղաքական քարոզչությունն ու քինախնդրությունը, անամոթ արծաթասիրությունը, պառակտումների ու մերժելի բարոյական սկզբունքների արշավանքը… Երկար ժամանակ չէ, ինչ Միքայել եպս. Աջապահյանը ստանձնել է թեմական առաջնորդի պաշտոնը, սակայն հասցրել է եկեղեցուց խռովեցնել շատերին, եկեղեցու խորանը վերածել քաղաքական շահարկումների ամբիոնի, որտեղից անամոթ պռտկերեսությամբ հնչում են եկեղեցուն անհարիր կոչեր ու գնահատականներ, Աստծո խոսքի փոխարեն այստեղ թևածում են առաջնորդի քաղաքական կողմնորոշումներից բխող հորդորները… Թեմի առաջնորդի համար գոյություն չպետք է ունենան քաղաքական կուսակցություններ և քաղաքական կողմնորոշումներ, հավատացյալները չպետք է պառակտված լինեն խմբերի, որովհետև բոլորն Աստծո զավակներն են, մինչդեռ թեմական առաջնորդը շատ վաղուց մոռացել է այս սրբասուրբ հասկացությունների մասին և հակվել դեպի նրանք, ովքեր իր ճեմարանական ուսուցիչներից մեկի կողմնակիցներն են, ովքեր իրենց քաղաքական կողմնորոշումներով ներկայացնում են ընդդիմադիր դաշտը: Առաջնորդը կարող է մենության մեջ ինքն իր հետ զրուցելիս ներկայացնել իր քաղաքական կողմնորոշումները, որոնք նրա մտքի ազատության կռվանները կարող են լինել, սակայն ոչ ոք նրան իրավունք չի տվել հեռուստատեսությամբ և խորանից կոչեր հնչեցնել, ծաղրել երկրի ընտրյալ նախագահներին` հեգնանքով խոսելով «Հայր մերի» նրանց իմացության մասին: Եկեղեցին ու պետությունը միասնական են ազգային խնդիրների լուծման ճանապարհին, մինչդեռ սրբազան հայրը հակառակն է ապացուցում…
Հասկանում ենք, որ սրբազան հորը փող էր պետք, լավ վճարված կարող էր լինել, իսկ նա վճարվել սիրում է, մարդկանցից նրանց ունեցվածքը հանուն իր բարօրության խլել սիրում է: Տեսած կլինեք, թե ինչ շքեղ «Ջիպ»-ով է երթևեկում թեմական առաջնորդը: Նվե՞ր է ստացել հավատացյալներից, տոհմական ժառանգությո՞ւն է նրան բաժին հասել: Ո՛չ: Գյումրիում շատ շատերը գիտեն, որ ահաբեկելով` 16 միլիոն դրամ է շորթել այն շինարարից, ով կառուցում էր սոցիալ-կրթական կենտրոնը: Եթե այդ գումարը շինարարը չտար, ապա կզրկվեր հետագա աշխատանքներից: Եվ մարդն իր շահույթից տվել է այդ գումարը` այսպես «թվաբանական նկարչությամբ» զբաղվելով համապատասխան փաստաթղթերում… Այս դեպքը եզակի չէ. առաջնորդը չի գնում օծելու այն եկեղեցիները, որոնց կառուցողներն իրեն չեն տվել գումարներ, որոնց շինարարությունն իր «աջակցությամբ» չի իրականացվել: Հիշենք Արթիկի, Մանթաշի եկեղեցիների օծման արարողությունների մասին, երբ բարերարները ստիպված էին Մայր Աթոռից հոգևորականներ հրավիրել… Հիշենք նաև նախկին սպայի տան շենքի, որը հանձնվել է Մայր Աթոռին Հայորդաց տուն կառուցելու համար, նախագծային հաշվարկների «մանիպուլյացիաները», որոնք իրականացրել էր սրբազան հայրը… Նկատում ենք, որ եպիսկոպոսը օլիգարխի ախորժակներ ունի, որ ցանկանում է ամեն ինչ կենտրոնացնել իր գրպանում` բարերարների միջոցներին տեր կանգնելու համար, սակայն նման կրքերին նա կարող է հագուրդ տալ աշխարհիկ կյանքում, արդեն աշխարհական դարձած: Այնժամ ոչ ոք չի ասի, թե ինչո՞ւ է թեմական առաջնորդը նման վարքագիծ դրսևորում… Ապրելով ցոփության մեջ` եկեղեցու սպասավորը խախտում է բազմաթիվ պատգամներ ու խորհուրդներ, աղքատության մղում թեմական երգչախմբի անդամներին, որոնց ընդամենը 5 հազար դրամ աշխատավարձ է տալիս` այսպես նվաստացնելով ու ստորացնելով մարդկանց, այսպես նրանց մեջ ատելության որդը բնակեցնելով: Ատելությամբ են շատերը լցվել առաջնորդի հանդեպ` լքելով եկեղեցին, սակավամարդ դարձնելով պատարագների արարողությունները, որոնք երբեմն անգամ տեղի չեն ունենում, որոնց ժամանակ եկեղեցու սրահը կիսամութի մեջ է, որովհետև առաջնորդը չի կամենում վառ պահել եկեղեցու լույսերը: Աղքա՞տ է թեմը, միջոցներ չունի՞: Չէ, ինչո՞ւ, ուրեմն` ումի՞ց է խնայում առաջնորդը, ինչո՞ւ չի կամենում սերտ դարձնել հավատացյալների և եկեղեցու առնչությունները, ինչո՞ւ է օրնիբուն միայն ու միայն կասկածելի հասարակական կազմակերպությունների հետ հարաբերվում` ահռելի թեմը թողնելով առանց ուշադրության, առանց առաջնորդական խոսքի: Եվ հենց նման կեցվածքն է պատճառը, որ Շիրակում ծաղկում են ապրում աղանդները, որ չգիտակցելով ու չըմբռնելով` մարդիկ իրենց սփոփանքը գտնում են աղանդավորական շարժումների ղեկավարների մոտ: Հետաղետյան ամենաբարդ ժամանակներում անգամ մարդիկ չգնացին դեպի աղանդները, մինչդեռ այսօր գնում են, որովհետև վիհ է առաջացել Շիրակի թեմի և հավատացյալ ժողովրդի միջև: Այս վիճակը մտահոգո՞ւմ է առաջնորդին: Բնավ: Նա զբաղված է քաղաքական ակնհայտ գործունեությամբ` մարդկանց բաժանելով մերինների և օտարների: Ես Գյումրու ընտրյալ քաղաքապետի ջատագովը չեմ, հաճախ եմ հանդես եկել նրա գործունեության այս կամ այն կողմը քննադատող հոդվածներով, ունեցել եմ իմ թեկնածուն, սակայն ընտրությունների արդյունքներն ընդունել եմ որպես օբյեկտիվ իրականություն և շատերի նման ողջունել նոր ընտրությունը, որովհետև ինձ համար առաջին հերթին թանկ է Գյումրին: Քաղաքապետին ուղղված ցանկացած չկամ վերաբերմունք, ցանկացած անհարկի մեղադրանք ու զրպարտություն ուղղվում է նրա քսան հազարից ավելի ընտրողներին` դարձյալ պառակտումը դարձնելով տիրական, դարձյալ սեպ խրելով հաշտության և համաձայնության միջև: Մի՞թե սա է առաջնորդի առաքելությունը, մի՞թե նրան ուղարկել են Շիրակի մարզ միայն ու միայն թշնամանք տարածելու, մարդկանց պետության և եկեղեցու դեմ հանելու համար: Իսկ վերջին մտքի համար ապացույցներ ունենք։ Երբ մարտյան ողբերգական իրադարձությունների օրերին Դուք, Վեհափառ Տեր, այցելել էիք հանրապետության առաջին նախագահին` կամենալով հանդուրժողության պատգամ բերել, Գյումրիում մեծ թվով մարդիկ, հավաքված Առաջնորդարանի մոտ, վանկարկում էին` խոսքն ուղղելով առաջնորդին. «Մեզ գործող կաթողիկոսը պետք չէ, Դուք եք մեր կաթողիկոսը»: Սաստե՞ց առաջնորդը զայրացած մարդկանց, ընդդիմացա՞վ նրանց կոչին: Ոչ: Իր շքեղ ապարանքում նստած` հիանում էր ու հրճվում` հավանաբար վայելելով ունկերում հնչող օվսաննաները… Երբ թերթերից մեկն Ամենայն հայոց կաթողիկոսին «սրբազան ավազակապետ» կոչեց, զայրացա՞վ սրբազանը, դատապարտե՞ց ասվածը, ինչպես արեցին մյուս թեմական առաջնորդներն ու մտավորականության շատ գործիչներ: Բնավ: Չենք ուզում մեկնաբանել այս պահվածքը, բայց ուզում ենք ասել, որ նման քինախնդիր ու ոխակալ, փառասիրությունից կուրացած, եսապաշտությունից տրաքվող մարդն այլևս չի կարող հոտի առաջնորդ լինել: Մենք նախանձով ենք նայում այն թեմական առաջնորդներին, ովքեր նվիրված են իրենց հոտին, մեզ համար առաջնորդի դասական օրինակներ կան Այրարատյան Հայրապետական, Լոռու, Սյունիքի, Արցախի թեմերում, մենք կարոտել ենք ճշմարիտ առաջնորդի… Ես հաճախ եմ լինում Վանաձորում, տեսնում եմ այն ջանքերը, որոնք ներդնում է Սեպուհ եպս. Չուլջյանը` համայնքի միասնության, եկեղեցու հետ սերտ հարաբերություններ հաստատելու ասպարեզում, մինչդեռ մեր առաջնորդը մտահոգված է ապակենտրոնացման, եկեղեցի-հանրություն օտարացման հարցերով: Գյումրին երկրաշարժի պատճառով խոցելի է դարձել, սոցիալական կեղեքումները խաթարել են շատ պատկերացումներ, շատերը մղվել են դեպի աղանդները, իսկ աղանդավորների դեմ պայքարի փոխարեն առաջնորդը սանձազերծել է պայքար ճշմարիտ հավատացյալների, հայ եկեղեցու նվիրյալների դեմ, քանզի նրանք ֆինանսական խնդիրներում «հաշվետու» չեն լինում իրեն… Բարերարները քաղաքում և Շիրակի մարզում կառուցել են եկեղեցիներ և պատրաստ են նորերը կառուցել, սակայն նրանց խոչընդոտում է առաջնորդն իր անսահման ընչասիրությամբ…
Վերջերս մամուլում տեղեկություններ եղան այն մասին, իբր Գյումրու քաղաքապետն ընդդեմ առաջնորդի ստորագրահավաք է նախաձեռնել: Սա լկտի սուտ է, որովհետև ոչ թե քաղաքապետը, այլ շատերս ենք այսօր ելել այն առաջնորդի դեմ, ում կողքից հեռացել են մտավորականության ներկայացուցիչները, ով ուրացել է եկեղեցասեր խորհուրդները, ով հեռու է կանգնել հավատացյալներից` վերածվելով քաղաքական ձախավեր գործչի: Մայր Աթոռի միաբաններից մեկը լրագրողներին հավատացնում էր, թե ոչ մի ստորագրահավաք ի զորու չէ նպաստելու առաջնորդի պաշտոնանկությանը: Հավատում ենք և համոզված ենք, որ շատերիս ձայնը կհասնի Ձեզ: Վեհափառ Տեր, լիահույս եմ, որ իմ նամակը կարժանանա Ձեր ուշադրությանը, Շիրակի հավատացյալ թեմը կունենա արդարամիտ, բոլորեքյան եկեղեցուն ու հոտին նվիրված առաջնորդ, իսկ Հայաստանյայց առաքելական եկեղեցին կազատվի մի սպասավորից, որի կեցվածքը հարիր չէ մեր եկեղեցուն:
Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ
Թատերագետ, հրապարակախոս, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 4271

Մեկնաբանություններ